Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր բռնկման մասին, շատ դեպքերում խոսքը դելտա տարբերակի մասին է: Այս մասին հաղորդում է Jpost-ը:
Բենեթը իսրայելցիներին հորդորել է հնարավորության դեպքում խուսափել երկրից դուրս գալուց, ինչպես նաև փակ տարածքներում դիմակ կրել, պատվաստել երեխաներին:
Առողջապահության և պաշտպանության նախարարությունները մտադիր են Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում կառուցել թեստավորման նոր հաստատություն, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում Իսրայելում գրանցվում են ամենամեծ թվով օրական դեպքերը:
«Առողջապահության նախարարությունը զգալիորեն ավելացնելու է Բեն Գուրիոն օդանավակայանում թեստերի քանակը, և այժմ, պատրաստվելով ամռան ամիսներին սպասվող ծանրաբեռնվածության համար, կառուցելու ենք թեստավորման մեկ այլ հաստատություն` ավելորդ հերթերից խուսափելու համար»:
Հիշեցնենք՝ կիրակի հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 125 նոր դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամիսների ընթացքում: Դեպքերի մեծ մասը իսրայելական դպրոցներում բռնկումների արդյունք են: