Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽԽՎ-ի հետ համատեղ միջազգային դիտորդական առաքելության արդյունքներն ամփոփել է նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարության տեսքով: Սպասվում է նաև եզրափակիչ զեկույցը:
«Արմեդիա» ՏՎԳ-ն համադրել է 2021թ զեկույցը նախորդ երկու համապետական ընտրությունների՝ 2017թ խորհրդարանական և 2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների անմիջապես հաջորդ օրը հրապարակված զեկույցների հետ՝ ըստ հիմնական դրույթների:
2021 թ. hունիսի 20-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների, եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, դրանք բնութագրվել են ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ:
Համադրումը ցույց է տալիս, որ, ի տարբերություն նախորդ զեկույցների, 2021թ եզրակացության ներածական մասում անդրադարձ չի կատարվում ընտրախախտումներին և ընտրակաշառքի դեպքերին:
Միաժամանակ, ի տարբերություն նախորդ երկու ընտրությունների, նշվում է սուր բևեռվածությունն ու սադրիչ հռետորաբանությունը, քարոզչության բացասական տոնայնությունը:
Ընդգծվում է, որ իրավական դաշտի փոփոխությունն ընտրություններից անմիջապես առաջ դիտվում է որպես անորոշություն ստեղծած հանգամանք:
Բոլոր զեկույցներում ընդգծվում է կանանց պասիվությունը քարոզարշավի ժամանակ: Այս անգամ նշվում է նաև կանանց և ազգային փոքրամասնություններին վերաբերող ուղերձների բացակայությունը:
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ աղյուսակով:
Ուշագրավ է, որ դիտորդների զեկույցում որևէ կերպ չի հիշատակվում քվեների հաշվարկի ընթացքում մի շարք խոշոր քաղաքներում տեղի ունեցած հոսանքազրկումը: Մեկնաբանության կարիք ունի նաև ընտրախախտումների չհիշատակումը՝ հատկապես ընտրություններից հետո արդեն վերահաշվարկի արդյունքում արձանագրված ձայների սխալ հաշվարկի ապացուցված փաստերի ֆոնին: Մնում է ակնկալել, որ եզրափակիչ զեկույցում այս հանգամանքները կարտացոլվեն: