Օրերս ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպումից հետո նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին պայմանագրի նախագծի շուրջ: Նրա խոսքով, կա նպատակադրում մինչև այս տարվա ավարտը պատրաստ փաստաթուղթն արդեն տամադրել անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգեր անցնելու համար:
Ընդհանուր շուկայի կոնցեպտը
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հայեցակարգի մշակումն ու հաստատումը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (2014թ., 29 մայիս) երկու հոդվածներով՝ 83-րդ և 104-րդ:
Պայմանագրով նախատեսվում է, որ Միության անդամ պետությունները կունենան միատեսակ կանոններ, որոնք ենթադրում են գազի առևտրի պայմանների միասնականացում, շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության միասնական մոտեցումների ձևավորում, այդ ամենի համար անհրաժեշտ միջավայրի (օրենսդրական, հարկային) ներդաշնակեցում, ինչպես նաև՝ Միության անդամ երկրների տարածքներում գազի փոխադրման համակարգերին հասանելիության միասնական նորմերի մշակում: Ընդհանուր շուկայի ձևավորման վերջնաժամկետը 2024թ.-ն է:
Ընդհանուր շուկայի ստեղծման հիմնական խնդիրները
ԵԱՏՄ գազի Ընդհանուր շուկայի ձևավորման՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի 2016թ.-ին ընդունված N7 որոշման համաձայն, Ընդհանուր շուկայի ձևավորմանն անհրաժեշտ հիմնական խնդիրներն են.
Ընդհանուր շուկան միասնական շուկան չէ
Ինչպես երևում է, ընդհանուր շուկայում սահմանվում են խաղի միասնական կանոններ, ստեղծվում են հավասար պայմաններ, միասնական նորմեր, բարենպաստ մրցակցային միջավայր, մատակարարումների և փոխադրումների մոնոպոլիայի բացառում, միևնույն ժամանակ՝ բնական մոնոպոլիայի համար համապատասխան միջավայրի ապահովում:
Միասնական շուկայում գործում են բոլորի համար կենտրոնացված միասնական կարգավորիչներ, օրինակ, միասնական, կենտրոնացված բյուջետային, հարկային համակարգեր: Այսինքն սա ենթադրում է ինտեգրացիայի այլ՝ ավելի խորը տեսակ:
Ընդհանուր շուկան չի ենթադրում գազի միասնական սակագին
Երբ խոսում ենք գազի գնագոյացման կամ սակագնային քաղաքականության միասնական մոտեցումների ձևավորման մասին, դա չի ենթադրում, որ անդամ բոլոր երկրների համար ձևավորվելու է միասնական գին, առավել ևս՝ չի նշանակում, որ սակագինը լինելու է մատակարարող երկրի ներքին գների հետ նույնական: Չնայած Ընդհանուր շուկան ենթադրում է, օրինակ, գազի մատակարարումներում մոնոպոլիայի դրսևորումների բացառում (բացառությամբ բնական մոնոպոլիայի): Բայց այստեղ և՛ ներմուծող երկրի, և՛ մատակարարողի համար նախապատվությունը տրվելու է գազի տեղափոխման տնտեսապես շահավետ ուղիներին:
Ընդհանուր շուկայի ստեղծման ԵԱՏՄ հայեցակարգում սակագնային քաղաքականությանն անդրադարձ կատարվում է «գազի առևտրի կառուցվածքի» և «սակագնի որոշման մեխանիզմների մասին» կետերով:
Առաջինով սահմանվում է, որ առևտուրը կարգավորվելու է երկու հիմնական եղանակներով՝ ուղղակի բանակցություններով և բորսայական առևտրով:
Սակագնի որոշման մեխանիզմներին առնչվող կետը շատ հպանցիկ անդրադարձ ունի, և սահմանում է, որ դա «պետք է բխի անդամ պետությունների սպառողների, գազի մատակարարների և բնական մոնոպոլ սուբյեկտների շահերի հավասարակշռության պահպանումից ՝ ապահովելով մատուցվող ծառայությունների մատչելիությունը և սպառողների համար դրանց որակի համապատասխան մակարդակը, բնական մենաշնորհային սուբյեկտների արդյունավետ գործունեությունն ու զարգացումը» և այլն: