Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ:
«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- նշեց Բեգլարյանը:
Ըստ Արցախի պետնախարարի` փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են: