Չնայած Ադրբեջանի բոլոր հայտարարություններին, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված է և այժմ պետք է խոսել բացառապես հետկոնֆլիկտային կարգավորման մասին, թե՛ միջնորդները, թե՛ միջազգային տարբեր կառույցներ վերահաստատում են, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ:
Մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն հունիսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաև Անջեյ Կասպրշիկի ներգրավվածությամբ քաղաքական լուծում գտնել, «քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր»:
Նույն օրը նա Արցախյան հակամարտության հարցը քննարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ: «Օրակարգում կաևոր թեմաներ են՝ Ուկրաինայի, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը և անվտանգության այլ հարցեր»,-գրել է Լինդեն Թվիթերի իր էջում:
Սա ևս մեկ ազդակ է, որ մոտ ապագայում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ջանքերի ակտիվացում:
Ակտիվացման օրակարգը դեռ միանշանակ չէ, քանի որ օրինակ՝ ՌԴ-ն պնդում է, որ համանախագահության ջանքերը պետք է կենտրոնացած լինեն վստահության կառուցման վրա, այդ թվում՝ հայտարարվել է Ֆրանսիայի և ՌԴ-ի միջև համաձայնեցված նախաձեռնությունների մասին, իսկ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ կարևորվում է խաղաղության համաձայնագրի կնքմանը տանող բանակցությունների վերսկսումը:
Սակայն անկախ դրանից այսօր կարևոր է այն արձանագրումը, որ ԵԱՀԿ-ում, որը հակամարտության կարգավորման միջնորդության տեսանկյունից հիմնական պատասխանատու և խնդրին առավել խորքային տեղեկացված կառույցն է, առկա է այն ընկալումը, որ հակամարտությունը լուծված չէ: Այս հայտարարությունները ցույց է տալիս, որ միջազգային հանրության ընկալումների վրա ազդելու, իր համար առաջնային օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերն առնվազն այս փուլում Բաքվի ցանկացած առավելագույն արդյունքը չեն տվել, և միջնորդները հստակ գիտակցում են, որ ուժի կիրառման հետևանքները չեն կարող համարվել հակամարտության կարգավորում:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը ունեն հնարավորություն ԵԱՀԿ-ում առկա այդ մոտեցումներից օգտվելու և աշխատանք տանելով՝ մեզ համար առաջնային հարցերը բանակցային ձևավորվող օրակարգում ներառելու համար: