ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով։
Բնակիչների պնդմամբ՝ իրենց մշտապես ստացել են սոցիալական աջակցություն, և դրանք որևէ առնչություն չունեն ընտրությունների, Վարչապետի պաշտոնակատարին կամ այլ քաղաքական ուժի ղեկավարի օգտին քվեարկելու կամ չքվեարկելու հետ:
Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ, տրվում են իրավապահ մարմինների պահանջած ցուցմունքները չներկայացնելու համար իրենց կամ ամուսիններին Երևան տեղափոխելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներ:
Նկատի ունենալով բողոքներն ու ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խումբ է գործուղվել Սյունիքի մարզ՝ բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը տեղում ստուգելու, անհրաժեշտ հանդիպումներ ունենալու և միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր այցեր կիրականացվեն նաև կալանավորված՝ Քարահունջ, Որոտան վարչական շրջանների ղեկավարներին: Այսօր այց կիրականացվի նաև Քաջարան համայնքի ղեկավարին՝ քրեակատարողական հիմնարկ: