2020թ. Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նախատեսված է հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է. 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել է Բեռլինում։ Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը։
Սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երևանյան բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև արտասահմանում ապրող և գործունեություն ծավալող հանրահայտ հայ երաժիշտներ՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։