«Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա: Այն կտրուկ չէ, աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Panorama-ն:
Ինչ վերաբերում է դելտա շտամին, նա նշեց, որ այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ չունեն, բայց, միանշանակ, իհարկե Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև օդային բաց սահմաններ ունի ՌԴ-ի, Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է դելտա շտամը, նաև եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում:
«Արձանագրված սեկվենավորած նմուշ չունենք, բայց համաճարակային հետազոտությունը ցույց է տալիս, որ իհարկե, Հայաստնում էլ այն շրջանառվում է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ա. Ավանեսյանի խոսքով, ամեն ինչ անելու են՝ տեղեկտավական արշավ, պրոցեսն ավելի դյուրին դարձնել, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի և ավելի անվտանգ միջավայր լինի Հայաստանում: Նա նշեց, որ որ շուտով պետք է վիճակահանությամբ պատվաստվողներին տրվեն թատրոնի, օպերայի, այլ մշակութային միջոցառումների տոմսեր:
Հարցին՝ հնարավո՞ր է պարտադիր դառնա պատվաստումը, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, ոչ թե պարտադիր, որն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Պետք է նշեմ, որ սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, տեսնում ենք, թե երկրները, երբ դուրս է գալիս հիվանդության հետ կապված վիճակի կառավարման շրջանակից, կոլապսային իրավիճակում են հայտնվում, ոչ միայն առողջապահական համակարգը, այլ ընդհանուր տնտեսությունը, հանրային առողջապահական ողջ գործընթացը:
Կարծում եմ՝ դրսևորելով հանրային պատասխանատվություն, մեկս մեկին պաշտպանելու, հանրային իմունիտետ ստեղծելու համար՝ ամեն քաղաքացի ակտիվ կերպով իր ներդրումը պետք է ունենա»: