«Դստերս անունն արեգակ է, իսկ որդունս՝ լուսին»,- այս խոսքերն էր իր կարիերայի ընթացքում գրեթե միշտ հնչեցնում Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակարանի հիմնադիր Ալենուշ Տերյանը:
Ալենուշ Տերյանը, ով առավել հայտնի է «Իրանի աստղագիտության մայր», «Իրանի արևային մայր» անուններով, ծնվել է 1920 թ. նոյեմբերի 9-ին Թեհրանում: Ալենուշի մայրը ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը, ով Նոր Ջուղայի հայերից էր, գրող էր, ինչպես նաև զբաղվում էր թարգմանչական գործունեությամբ:
Տերյանը մեծացել է երկրի հայկական հին համայնքում և ուսանել է Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում: 1964 թ. Ալենուշն արժանանում է պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը, ով աստղաֆիզիկա էր դասավանդում: 1966թ. ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում իր ուրույն դերն է ունեցել:
Ալենուշ Տերյանի կարիերան սկսում է այն ժամանակ, երբ վերջինս, 1947 թվականին ավարտելով համալսարանը, աշխատանքի է անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։
Լաբորատորիայում աշխատելու տարիներին նա ուսումը Ֆրանսիայում շարունակելու հրավեր է ստանում, սակայն դասախոսը մերժում է նրա կրթաթոշակի հայտը՝ կին լինելու պատճառով: Այնուամենայնիվ, Ալենուշը հավատարիմ մնալով իր երազանքին` հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և ուսումը շարունակում Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում: Չնայած Եվրոպայում աշխատելու բազմաթիվ առաջարկներին` Իրանի հանդեպ տածած սիրուց ելնելով որոշում է վերադառնալ և ծառայել հայրենի Թեհրանին:
Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը և այդպես էլ ընտանիք չի կազմել: Նա ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների վրա. հայտնի է եղել որպես հոգատար ուսուցիչ և մեծ սեր է վայելել իր ուսանողների շրջանում։
Տերյանն Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է գիտության ոլորտի մնայուն դեմք։ Ավելին, 2003 թվականին նրա կյանքի մասին «Դեպի արև» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարվել Իրանի հեռուստատեսության պատվերով: Իսկ 2006 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։
1979 թվականին Ալենուշ Տերյանը թողել է դասախոսական աշխատանքը: Իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Այստեղ նա արդեն մահճակալին գամված արժանացել է «Վիկտոր Համբարձումյանի» անվան միջազգային մրցանակի:
Հայ գիտնականը մահացել է 2011 թվականին` 90 տարեկան հասակում: Մինչ օրս ամեն տարի նրա հիշատակի առթիվ միջոցառումներ են անցկացվում Իրանի բազմաթիվ պետական համալսարաններում:
Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքի ընթացքում ոչ միայն զգալի գիտական հայտնագործություններ է կատարել, այլև իր ներդրումն է ունեցել իրանական աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների կրթման գործում: