Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել քաղաքական գործընթացները, որոնք պետք է լինեն արդարացի և չիրականացվեն ուժի կիրառմամբ կամ որևէ այլ ազդեցությամբ։ Այս մասին հուլիսի 28-ին Էրեբունու հնագիտական պեղումների ավարտման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ ներկա պահին Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում, ընթանում են մարտական գործողություններ։ «Բնականաբար, մենք մտովի զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք։ Մենք նաև հասկանում ենք, որ այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Այդ իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Ֆրանսիայում, քանի որ դրանք խախտում են հրադադարի ռեժիմը, ինչի պատճառով անվտանգային իրավիճակը Հայաստանի սահմաններին վատթարանում է։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց այդ գործընթացը պետք է լինի արդարացի, և այն չպետք է իրականացվի ուժի կամ որևէ այլ ազդեցության ներգործությամբ։ Բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կան շփումներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որոնք, առաջին հերթին, ուղղված են այն բանին, որպեսզի մենք կարողանանք նպաստել իրավիճակի կայունացմանը»,- ընդգծել է դեսպանը։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի գլխավոր մտահոգությունը կապված է սահմանային իրավիճակի հետ։
Ջոնաթան Լաքոթը հավաստիացրել է, որ Ֆրանսիան չի մոռանում անցած տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության կետերի մասին, հատկապես գերիների վերադարձի մասով։