ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ ձեռքբերված այլ պայմանավորվածությունների համաձայն:
Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր մնացած հիմնական սուբստանտիվ հարցերի՝ բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց առաջարկությունը՝ կազմակերպել երկկողմ ուղիղ խորհրդակցություններ իրենց հովանու ներքո, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակար, որում կարտացոլեն իրենց առաջնահերթություններն` առանց նախապայմանների: Համանախագահները վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»: