ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:
«Ցավոք, իրավիճակը դեպի լավը չի փոխվում: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են աննախադեպ սահմանափակումների ներքո, որոնք ոչ միայն մնում են ուժի մեջ, այլ նաև ուժեղանում են: Չնայած [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի հայտարարություններին դիվանագիտության կարևոր դերի և Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության մասին, ռուսական դիվանագիտական ներկայությունը շարունակական հարվածներ է կրում»,-ասել է Անատոլի Անտոնովը:
Նրա խոսքով ՝ ամերիկյան կողմը «համառություն ու հնարամտություն է ցուցաբերում այս հարցում»:
«Մենք ստացել ենք 24 դիվանագետի ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կլքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, որովհետև Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման գործընթացը»,- ասել է դեսպանը: