ԱՄՆ-ն օգոստոսի 3-ին սկսում է վերջին 40 տարվա ընթացքում խոշորագույն ռազմածովային զինավարժանքները՝ 36 նավերի և Ծովային հետևակի զորակազմի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Large Scale Exercise (LSE) 2021 զինավարժանքները մեր հակառակորդներին կցուցադրեն, որ ԱՄՆ զինված ուժերը պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակը Երկրագնդի տարբեր անկյուններում ներկայության շնորհիվ, այլ ոչ թե չնայած դրան»,- կարծում է Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարությունը: Նշվում է, որ զինավարժանքները տեղի կունենան 17 ժամային գոտիներում, դրանց կմասնակցեն հինգ ռազմածովային միավորումներ և ԱՄՆ Ծովային հետևակի զորակազմի երեք էքսպեդիցիոն ջոկատներ:
Զորավարժություններին, որոնք կտևեն երկու շաբաթ, ներգրավված է 36 նավ, այդ թվում ավիակիրներ և սուզանավեր: