Օգոստոստի 3-ին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում քննարկվեց ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:
Հակոբ Արշակյանը, շնորհավորելով նորընտիր պատգամավորներին, շնորհակալություն հայտնեց խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:
«Խորհրդարանական գործունեության հիմնական տեսլականը դիտարկում եմ Կառավարության ծրագրերի բովանդակային սինքրոնացումը թե՛ իշխող ուժի նախընտրական ծրագրի, թե՛ Հայաստանի զարգացման հնարավորությունների ռազմավարության հետ»,- նշեց փոխխոսնակի թեկնածուն:
Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ վերոնշյալ տրամաբանության մեջ է դիտարկում նաև խորհրդարանական դիվանագիտության, միջազգային գործընկերության զարգացման հնարավորությունները:
Թեկնածուն պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: