Ռուսաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների մշակութային և պատմական ժառանգության խնդիրներին: Բոլորը դա գիտեն: Այս մասին ասել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք մի քանի ամիս է, ինչ խանգարում են հայ հոգևորականներին մուտք գործել Դադիվանքի վանք, հաղորդում է News.am-ը:
«Համոզված ենք, որ սա հումանիտար կարևոր թեմա է, որը մենք պարբերաբար բարձրացնում ենք ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են ուխտավորների խմբերին, ովքեր այցելում են Դադիվանք, Ամարաս և Գանձասար վանքեր: Մենք վճռականորեն աջակցում ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության վաղ կազմակերպմանը, որը կարող է տեղում գնահատել գործերի վիճակը: Խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսադաշտում է»,- ասել է նա: