Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հստակեցրել է, թե որ դեպքում ռուսական զորքերը կարող են տեղակայվել երկրում:
«Անհրաժեշտության դեպքում այստեղ ոչ միայն ռազմակայան կլինի, այլ այստեղ կտեղակայվեն Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերը: Ինչ պայմանների դեպքում՝ նոր համաշխարհային պատերազմ սանձազերծելու վտանգի դեպքում», - ասել է Բելառուսի առաջնորդը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ՆԱՏՕ-ի բազմաթիվ բազաներ գտնվում են ԵՄ-ում և արևմտամետ երկրներում, որոնցից մի քանիսը միջուկային զենք ունեն: Ըստ նախագահի՝ ամենափոքր սպառնալիքի դեպքում դրանք կբերվեն մարտական պատրաստության: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Բելառուսում ռուսական ռազմակայանների տեղակայմանը, Արևմուտքը նյարդայնանում է:
«Ինչո՞ւ եք այդքան անհանգստացած, որ այստեղ ռուսական բազա կունենանք: Դրա կարիքը չկա, ես և նախագահը (Վլադիմիր Պուտինը-խմբ.) վաղուց ենք որոշել», - ընդգծել է նախագահը:
Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս փուլում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Բելառուսի համար ձեռնտու չէ Բելառուսում ռուսական բազաների տեղակայումը, դրանում բացարձակապես ոչ մի իմաստ չկա: «Ռուսաստանը երբեք միջուկային մարտագլխիկներ չի տեղափոխի այստեղ. դրանք անմիջապես գնդակոծվելու են Լեհաստանի և Լիտվայի տարածքներից», - պարզաբանել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Բայց եթե անհրաժեշտ լինի, բոլոր զինված ուժերը կլինեն այստեղ, քանի որ Բելառուսը Ռուսաստանի համար օտար երկիր չէ, անկախ նրանից, թե ով է այստեղ նախագահը: Եվ օտար չի լինի», - համոզված է Բելառուսի առաջնորդը: