Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին:
Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաև գյուղացիների զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձևերով՝ մի դեպքում գյուղացիներն, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի և անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր շեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են:
Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ հստակ և գործնական քայլերի ձեռնարկմանը»: