Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման առաջընթացի մասին:
Զրուցակիցները նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության հումանիտար կարիքները բավարարելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների հետագա համատեղ աշխատանքը նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում: