Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչև Քաբուլի օդանավակայան: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասված է օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող չվերթերը Քաբուլից թռչում են և կմեկնեն մինչև տարհանման գործողության ավարտը: ԱՄՆ-ի քաղաքացիները (…) պետք է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայան ուղևորության մասին մտածեն, եթե այն անվտանգ լինի: ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող դեպի օդանավակայան անվտանգ ուղևորություն ապահովել»,- հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում:
Վերջին պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարահանել են մոտավորապես 9 հազար մարդ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ ամերիկացի զինվորականները կկարողանան իրենց քաղաքացիների տարահանումն ավարտել մինչև օգոստոսի 31-ը: