Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունն Աֆղանստանի հարցով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Չինաստանը պատրաստ է ամրապնդել Աֆղանստանի շուրջ երկխոսությունը Ռուսաստանի և միջազգային հանրության այլ անդամների հետ», - ասել է Չինաստանի առաջնորդը:
Չինական հեռուստատեսության տվյալներով՝ Պուտինը համաձայնություն է հայտնել չինացի գործընկերոջ առաջարկին աֆղանական հարցի շուրջ համագործակցությունը խորացնելու մասին:
«Մտադիր ենք քաղաքական շրջանակներ սահմանել բաց և հանդուրժող փոխգործակցության համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ Աֆղանստանում»,- հստակեցրել է Ծինփինը:
Վերջինս հայտարարել է, որ Աֆղանստանում քաղաքական ուժերը պետք է հեռանան բոլոր ահաբեկչական խմբավորումներից՝ ստեղծելով բաց քաղաքական կառույց: «Նրանք պետք է վարեն չափավոր և զուսպ ներքին քաղաքականություն, ամբողջովին տարանջատվեն բոլոր ահաբեկչական կազմակերպություններից և բարեկամական հարաբերություններ հաստատեն աշխարհի բոլոր երկրների, հատկապես հարևան երկրների հետ», - պետության ղեկավարի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
«Չինաստանը հարգելու է Աֆղանստանի ինքնիշխանությունը, դրա անկախությունը և տարածքային ամբողջականությունը, հավատարիմ է մնալու երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և դրական դեր է խաղալու աֆղանական խնդրի քաղաքական կարգավորման հարցում»,- ասել է Չինաստանի ղեկավարը: