ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում (Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատված- Aysor.am) փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am-ը։
Նա նշեց, որ այդ գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։
«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ «ակցիան» արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», - ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այդ ընթացքում «մեզ ամուր նյարդեր են պետք», քանի որ Հայաստանը իր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնի և առաջ տանի։