ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը, հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով և նշել, որ հայ-ֆրանսիական կապերն ունեն դարավոր պատմություն ու ամուր հիմքեր, և այս նախաձեռնությունն իրապես խորհրդանշական է նաև հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության ամրապնդման առումով:
Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշտապես տարվում են լայնածավալ աշխատանքներ:
Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն:
«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, վերջերս էլ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և ֆրանսերեն խորացմամբ ուսուցմամբ ծրագիրը ֆրանկոֆոնիայի համար կարող է հանդիսանալ Հայաստանի հանձնառության վկայություն»,- ասել է դեսպան Լաքոտը՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը և ընդգծելով այդ հարաբերությունների տիրույթում միմյանց լեզուները սովորելու կարևորությունը:
Նշենք, որ ըստ համաձայնագրի՝ ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ: