Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Եվրամիության 75 միլիոն եվրոյի վարկից՝ ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնությունը կրճատելու սպառնալիքի պատճառով ՝ ի պատասխան Թբիլիսիի կողմից բարեփոխումների իրականացման ձախողման: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով eurasianet-ին։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 31-ին հայտարարել է վարկից հրաժարվելու մասին, և կառավարության պաշտոնյաներն այդ քայլը հիմնավորեցին արտաքին պարտքը նվազեցնելու ցանկությամբ և «բարձր տնտեսական աճով», որը Թբիլիսիի պնդմամբ կանխել է վարկի անհրաժեշտությունը:
150 միլիոն եվրոյի վարկը Վրաստանին առաջարկվել էր անցյալ տարի՝ օգնելու երկրին կառավարել COVID-19 համաճարակը: Գումարի կեսն արդեն հատկացվել է, իսկ մյուս կեսը պայմանավորված էր Վրաստանի կողմից որոշակի քաղաքական պարտավորությունների կատարմամբ, մասնավորապես դատական բարեփոխումներով, որոնք ուղղված էին դատական համակարգի նկատմամբ իշխող կուսակցության վերահսկողության նվազեցմանը:
Մամլո ասուլիսում Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին «համաճարակի ընթացքում և ընդհանրապես բոլոր օգնության համար»՝ հավելելով, որ «սա վարկ է, ... ոչ դրամաշնորհ կամ օգնություն»: Բայց նա նաև պնդել է, որ վարկը դարձել է «քաղաքական զրպարտությունների» առարկա՝ մեղադրելով ընդդիմությանը այն իշխող կուսակցության դեմ օգտագործելու համար:
Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Վրաստանի կառավարությունն ամեն դեպքում չի կատարել վարկ ստանալու պայմանները: Մասնավորապես, ԵՄ-ն նշել է, որ Գերագույն դատարանի դատավորների վերջին ընտրության գործընթացը չի հետևել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկած սկզբունքներին: