Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են», - ասել է նախարարը։
«Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը», - ընդգծել է Միրզոյանը: