«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն էր, որը թալիբների վերահսկողության տակ չէր, թեև ավելի վաղ նրանք հայտնել էին դրա գրավման մասին, գրում է kommersant.ru-ն:
«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավված է: Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը նույնպես տվեցին իրենց արդյունքը, և Փանջշեր նահանգն անցավ իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ», - ասվում է թալիբների հայտարարության մեջ, փոխանցում է Թերթ-ը:
Ըստ թալիբների՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, ոմանք դիմել են փախուստի: Թալիբները Փանջշերի բնակչությանը խոստացել են, որ իրենց չեն ճնշի:
Սեպտեմբերի 3-ին թալիբներն արդեն հայտարարել էին Փանջշերի գրավման մասին, մինչդեռ Փանջշերի դիմադրության ճակատը հերքել էր այս տեղեկությունը: Սեպտեմբերի 4-ին «Թալիբան» շարժումը հայտարարել է նահանգապետի գրասենյակի գրավման մասին: Դիմադրության ուժերը հաղորդել են թալիբների մեծ կորուստների մասին: Փանջշերի դիմադրության առաջնորդը պատրաստակամություն է հայտնել բանակցել թալիբների հետ, եթե նրանք իրենց զորքերը դուրս բերեն նահանգից: