Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են հասել երկու պետությունների միջև բոլոր 28 միութենական ծրագրերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խոսքը 28, այսպես կոչված, միութենական ծրագրերի մասին է, որոնք ուղղված են տնտեսության տարբեր ոլորտներում Ռուսաստանի և Բելառուսի օրենսդրության համախմբմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների համահարթեցմանը, ընդհանուր ֆինանսական և էներգետիկ շուկաների, ինչպես նաև տրանսպորտային տարածքի կառուցմանը, արդյունաբերական և գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը: Եվ այսօր ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր 28 ծրագրերը համաձայնեցված են», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը, որում նախատեսվում է հաստատել միության ծրագրերը, կկայանա մինչև 2021 թվականի վերջը:
«Վաղը մենք ծրագրում ենք դրանք հաստատել Մինսկում Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում, որից հետո դրանք հաստատման կներկայացվեն Միութենական պետության գերագույն պետական խորհրդի կողմից, որի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև այս տարվա ավարտը», - ասել է Ռուսաստանի առաջնորդը: