ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 4-ին Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ “հայաստանցի և ադրբեջանցի գործընկերները այս շաբաթ Կոսովոյում են՝ ուսումնասիրելու անցումային արդարադատության խնդիրները": Ի՞նչ է իրենից ներկայացնում "անցումային արդարադատությունը", ովքե՞ր են "հայաստացի և ադրբեջանցի գործընկերները", ովքե՞ր են ծրագիրը ֆինանսավորողներն ու հովանավորողները. այս հարցերն առաջինն են, որ առաջանում են Ուորլիքի վերոնշյալ գրառումը կարդալուց հետո, և որոնց պատասխանները փորձել ենք տալ ստորև:
Անցումային արդարադատությունն իրենից ներկայացնում է դատական և ոչ դատական միջոցառումների ամբողջություն, որ կիրառվել է տարբեր երկրներում` մարդու իրավունքների զանգվածային խախտումները վերացնելու, փոխհատուցելու նպատակով: Նման միջոցառումներից են քրեական հետապնդումները, ճշմարտությունը վերականգնելու համար ստեղծված
հանձնաժողովները, վնասի փոխհատուցման ծրագրերը, ինչպես նաև կառուցողական բարեփոխումների տարբեր ձևեր: Գաղափարը առաջ քաշողները նշում են, որ այն արդարադատության հատուկ տեսակ չէ, այլ նպատակ ունի ապահովել արդարադատությունը հակամարտությունների շրջանում՝ հատկապես ապահովելով վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանություն և վնասի փոխհատուցման մեխանիզմներ: Կոսովոյում անցկացվող վերոնշյալ միջոցառումը նպատակ ունի հայ և ադրբեջանցի մասնակիցներին տալ այս գաղափարի մասին որոշակի գիտելիքներ, խթանել երկխոսությունը անցյալը վերագնահատելու, անցյալի հետ հաշտվելու միջոցով:
Ծրագրի կազմակերպումն իրականացվել է շվեդական "Kvinna till Kvinna" (թարգմանաբար՝ կանայք կանանց համար) հիմնադրամի օժանդակությամբ: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը հակամարտության գոտում գտնվող երկրներում կանանց դերի մեծացումն է, նրանց պոտենցիալի ներդրումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում, գենդերային անհավասարությունների, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարը: "Kvinna till Kvinna" հիմնադրամը աշխատում է հակամարտության գոտի համարվող երկրների ավելի քան 100 կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներով:
Կոսովոյում տեղի ունեցող միջոցառմանը Հայաստանից մասնակցում է "Kvinna till Kvinna" հիմնադրամի հայաստանյան գործընկեր կազմակերպությունը՝ "Կանանց ռեսուրսների կենտրոն" ՀԿ-ն, իսկ Ադրբեջանից նրանց հիմնական գործընկերը YUVA մարդասիրական կենտրոնն է, որը կրկին զբաղվում է կանանց հիմնախնդիրներով: Հայաստանյան և ադրբեջանական
այս կազմակերպությունները առաջին անգամ չէ, որ մասնակցում են նման ձևաչափով միջոցառումների, որոնց նպատակը ղարաբաղյան հակամարտության հետևանքները հաղթահարելը, խաղաղ կարգավորման գործընթացում երկու կողմերի կանանց դերի բարձրացումն է:
Ծրագիրն առաջին հայացքից իր մեջ ոչ մի վտանգ չպարունակող, մարդասիրական տարրեր ունեցող կրթական ծրագիր է, որը նպատակ ունի խթանել երկխոսությունը հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքացիական հասարակությունների միջև: Սակայն երբ նման ծրագրերից դուրս է մնում հակամարտության անմիջական կողմը, որի վրա պատերազմն ամենամեծ արձագանքն է թողել, և որը մինչև օրս սեփական կաշվի վրա շարունակում է զգալ հակամարտության դառը հետևանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրությունը, ապա որևէ դրական արդյունք նման ծրագրերից սպասելն անիմաստ է:
Քաղաքացիական հասարակության մակարդակով միջոցառումների իրականացումն իհարկե նպաստում է հակամարտող կողմերի հասարակությունների միջև երկխոսության ձևավորմանը՝ իր դրական անդրադարձը ունենալով նաև պաշտոնական մակարդակով ընթացող բանակցությունների վրա: Սակայն դրա արդյունավետության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ երկխոսությունը ներառում է բոլոր կողմերը և առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ապրել, ապրում և շարունակելու են ապրել հակամարտության էպիկենտրոնում, և ում ջանքերով միայն հնարավոր կարող է լինել հակամարտության որևէ կարգավորում կամ հաշտեցում: Հակառակ դեպքում նման ծրագրերը ոչ միայն անարդյունավետ են, այլև ինքնանպատակ և աբսուրդային:
Հերմինե Մխիթարյան
06.03.2014