Սեպտեմբերի 16-ին Դուշանբե քաղաքում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր և միջսեսիոն ժամանակաշրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները: Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է Աֆղանստանում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:
Հաշվի առնելով ՀԱՊԿ նախագահության փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը 2021-2022 թվականներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն: