ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:
Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարևորվեցին օրենդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաև ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:
Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր: