Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացված «Թուրքական տանը» լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է շուտով Իգդիրից դեպի Ադրբեջան ճանապարհ կառուցել այդ թվում՝ երկաթուղային: Նա նաև նշել է, որ որ այդ մայրուղու կառուցումը շատ կարևոր քայլ կլինի:
«Շատ կարևոր է, որ մեր ձեռնարկած քայլերի միջոցով հույս ունենք ճանապարհ հարթել Իգդիրից դեպի Ադրբեջան: Սա ներառում է նաև երկաթուղային ճանապարհ: Այս մայրուղու կառուցումը շատ, շատ կարևոր քայլ կլինի: Այս պահին Փաշինյանից դրական ազդակներ են ստացվում այս հարցի վերաբերյալ: Այժմ, այդ դրական ազդակներով, մենք որոշակի քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում խաղաղություն հաստատել», - ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը կներառվեն Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգում: