ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի հետ (Ռուսաստանի Դաշնություն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից:
Համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպման հաջող ընթացքը, որն անցկացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար: Նրանք ընդգծել են, որ միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովրդին միասին ապրել խաղաղությամբ:
Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` ուղիղ երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով: