Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը, հաղորդում է News.am-ը:
Զեկույցի ընդունմանը կողմ է քվեարկել 47, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Զեկույցը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Փոլ Գավանը:
Զեկուցող Գավանը ներկայացրել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով ձեռք բերված տեղեկատվությունը:
Ափսոսանք է հայտնվում հակամարտության ողբերգական մարդասիրական հետևանքների համար: Զեկույցի հիմնական կետերը վերաբերում են սպանվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին, հանցագործությունների և ռազմական հանցագործությունների ու այլ անօրինական գործողությունների մասին պնդումներին, ականներին և չպայթած զինամթերքին, տեղահանված անձանց, սահմանի լարվածությանը, մշակութային ժառանգությանն ու ատելության խոսքին:
Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին չէր թույլատրել լքել երկիրը՝ մասնակցելու նստաշրջանին և խմբակցության մյուս պատգամավորները՝ ի նշան համերաշխության նույնպես չեն մեկնել։ Արդյունքում Ստրասբուրգ են մեկնել միայն իշխող քաղաքական ուժի պատգամավորները։