Հոկտեմբերի 12-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի (ՄԽ) նիստի ժամանակ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, համաձայն ՀԱՊԿ Մշտական խորհրդի կանոնակարգի 12-րդ կետի, ընտրվեց Մշտական խորհրդի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհակալություն հայտնեց ՀԱՊԿ-ում Տաջիկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթոնովին ՀԱՊԿ ՄԽ-ում դժվարին տարվա ընթացքում նախագահության համար և հաջողություն մաղթեց Վիկտոր Բիյագովին ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքներում։
Վիկտոր Բիյագովն իր խոսքում նշեց, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը՝ ուղղված Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և վստահեցրեց, որ ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացումը կնպաստի դրան»,- նշված է հայտարարությունում: