Քաղաքական շահերը խանգարում են ղարաբաղյան հակամարտության կողմերին պայմանավորվել այն դեպքում, երբ եկեղեցական ներկայացուցիչները բանակցային գործընթացում առավելություն ունեն։ Այս մասին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Եթե խոսքը ռազմական հակամարտությունը հաղթահարելու մասին է, քաղաքական գործոն է առկա, և երբ այդ գործոնը գերիշխում է, բանակցությունները դժվարանում են։ Երբեմն կրոնական տեսանկյունից պարզապես անբացատրելի է թվում, թե ինչու մարդիկ չեն կարողանում պայմանավորվել։ Նրանք չեն կարողանում պայմանավորվել, որովհետև քաղաքական շահեր են շոշափվում», – ասել է պատրիարք Կիրիլը։
Ըստ նրա`կրոնական առաջնորդներն առավելություն ունեն նման խնդիրների քննարկման ժամանակ, քանի որ իրենք ընդհանուր հիմք ունեն` հավատ առ Աստված և բարոյական արժեհամակարգ, ազնվություն և վստահություն միմյանց հանդեպ։