Հոկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում:
Դատախազությունից հաղորդում են, որ ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացւոցիչների կողմից ներկայացված՝ տարաբնույթ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք վեր են հանվել իրականացվող մշտադիտարկման արդյունքում, իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 9-ը հաղորդում, որոնք բնույթով եղել են ընդհանրական, ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից, նաև մարզի դատախազության հանձնարարությամբ, դարձվել են ստուգման առարկա՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Իսկ 2-ի առթիվ, որոնցից մեկը վերաբերել է առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ մյուսը՝ առերևույթ ընտրակաշառքի բաժանմանը, հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Դրանցից առաջինն ընթացքի մեջ է, իսկ մյուսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշված քրեական գործով կատարվում է նախաքննություն: