Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը նվազում է. փաստում է Վիճ. Կոմիտեն:
2021թ. հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ը հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 4,4 տոկոսով:
Այսպիսով, ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակում են թուլանալ: 2021թ. հունվար-օգոստոսին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, օրինակ նույն ՏԱՑ-ի աճը կազմել է 4,9 տոկոս: 2021թ.-ի հունվար-հուլիսի վիճակագրությունը 2020թ.-ի հետ համեմամտած, ցուցադրել է 5,2 տոկոս ՏԱՑ-ի աճ: Վերջին երեք ամիսների վիճակագրությամբ աճի նվազման միտումն ակնհայտ է (5,2 %, 4,9 %, 4,4 %):
Նույնանման պատկեր ունենք մյուս մակրոտնտեսական ցուցանիշների պարագայում:
Արտաքին առևտրաշրջանառություն (ընթացիկ գներով)
2021թ. հունվար-հուլիսը 2020թ. հունվար-հուլիսի համեմատ- 15,1 % ↑
2021 թ. հունվար-օգոստոսը 2020թ. հունվար-օգոստոսի համեմատ- 12,7 % ↑
2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի համեմատ- 12,2 % ↑
Արդյունաբերություն (համադրելի գներով)
2021թ. հունվար-հուլիսը 2020թ. հունվար-հուլիսի համեմատ- 2,1 % ↑
2021 թ. հունվար-օգոստոսը 2020թ. հունվար-օգոստոսի համեմատ- 1,0 % ↑
2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի համեմատ- 0,7 % ↑
Շինարարություն (համադրելի գներով)
2021թ. հունվար-հուլիսը 2020թ. հունվար-հուլիսի համեմատ-8,8 % ↑
2021 թ. հունվար-օգոստոսը 2020թ. հունվար-օգոստոսի համեմատ-7,3 % ↑
2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի համեմատ-6,4 % ↑
Սպառողական գների ինդեքսը
2021թ. հունվար-հուլիսը 2020թ. հունվար-հուլիսի համեմատ- 6,1 % ↑
2021 թ. հունվար-օգոստոսը 2020թ. հունվար-օգոստոսի համեմատ- 6,4 % ↑
2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի համեմատ- 6,7 % ↑
Ծառայություններ (համադրելի գներով)
2021թ. հունվար-հուլիսը 2020թ. հունվար-հուլիսի համեմատ- 4,4 % ↑
2021 թ. հունվար-օգոստոսը 2020թ. հունվար-օգոստոսի համեմատ- 5,3 % ↑
2021թ. հունվար-սեպտեմբերը 2020թ. հունվար-սեպտեմբերի համեմատ- 5,4 % ↑
Ստացվում է, որ Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկմանը զուգահեռ վերջին երեք ամիսներին անկում են ապրել նաև արտաքին առևտրաշրջանառության, շինարարության և արդյունաբերության աճի տեմպերը: Սպառողական գների ինդեքսը շարունակում է աճել՝ պահպանելով թանկացումների՝ վերջին ժամանակահատվածի բնորոշ անընդհատությունը:
Դրական դինամիկա է գրանցվել ծառայությունների դեպքում՝ վերջին երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածների համեմատ աճի տեմպի ավելացման տեսքով:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Վիճակագրական կոմիտեի կողմից ստացված օպետարտիվ տվյալներով ստացվել է նաև գյուղատնտեսական համախառն արտադրանքի ցուցանիշը. 2021թ. հունվար- սեպտեմբերին 2020թ. հունվար – սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1,5 % անկում:
Ի դեպ, գյուղատնտեսության հետ կապված խնդիրներն արտացոլվում են նաև սպառողական գների ինդեքսի բացվածքում: Այսպես, Վիճ. Կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ին ստացված տվյալներով, բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5% գնաճ: Միևնույն ժամանակ օրերս տեղեկացանք կարտոֆիլի արտահանման աննախադեպ աճի մասին, ինչը եղած վիճակագրության հետ համադրելիս, թույլ է տալիս ենթադրելու, որ հնարավոր է՝ ունենք ներքին պահանջակի բավարարման խնդիր:
Ամփոփելով նշենք, որ դեպի տարեվերջ հիմնական ցուցանիշների աճի դանդաղումը վկայում է նախորդ տարվա ճգնաժամային ցուցանիշների հետ համեմատության էֆեկտի թուլացմամբ մի կողմից, տնտեսության իրական հատվածում տեղի ունեցող բացասական միտումներով, մյուս կողմից: