ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Թուրքիայի որոշումը 10 երկրի դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին, սակայն այդ երկրները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Մենք ի գիտություն ենք ընդունել և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացման Էրդողանի վերջերս արած հայտարարությունից հետո: Երկրները դեռևս ծանուցում չեն ստացել, այդ իսկ պատճառով ես դեռ զերծ կմնամ հետագա մեկնաբանություններից»,- ասել է եվրոպացի գործիչը:
10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանատները ավելի վաղ կոչ էին արել Թուրքիային ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել տվյալ երկրների դեսպաններին: