ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման թեմայով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկումը, որին ներկա են եղել Կամո Քոչունցը և Արման Մարալչյանը։
«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով` Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` այս դեպքում լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ լուրեր էին շրջանառվում, թե Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։