Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաքերին ընդգծել է ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային խմբերի հզորության նվազումը՝ զգուշացնելով, սակայն, որ ամերիկյան և սիոնիստական սպառնալիքները դեռևս առկա են, հայտնում է Tasnim-ը:
Երեքշաբթի օրը ելույթ ունենալով ռազմական միջոցառմանը՝ գեներալ-մայոր Բաքերին ասել է, որ «հանցագործ» ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային համախոհների անկման և թուլության դարաշրջանն արդեն սկսվել է:
Նա ասել է, որ ԱՄՆ-ի հզորության նվազման և աշխարհում ուժի փոփոխության նշաններն ակնհայտ են դարձել Աֆղանստանից ամերիկացիների փախուստից, Իրաքից և Սիրիայի որոշ մասերից ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերումից, Պարսից ծոցի տարածաշրջանից ամերիկյան առաջադեմ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային սարքավորումների հեռացումից և կրճատումից, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի քանակի նվազումից և Չինաստանի հարավային ջրերում դրանց տեղակայումից հետո:
«Սակայն սրանցից ոչ մեկը չի նշանակում, որ սպառնալիքները նվազել են կամ իրավիճակը նորմալացել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի նկատմամբ»,- զգուշացրել է հրամանատարը։
«Հանցագործ ԱՄՆ-ն և սիոնիստները ցույց են տվել, որ թեև իրենց համար դժվարացել է ուղղակի ռազմական գործողություններ ձեռնարկելը, նրանք երբեք չեն հրաժարվի Իսլամական Հանրապետության վարչակազմի դեմ դավադրություններից, թշնամանքից և կշարունակեն տարբեր ձևերով սպառնալիքներ ներկայացնել և խնդիրներ ստեղծել Իրանի և մեր երկրի տարածաշրջանային գործընկերների համար»,- հավելել է ԳՇ պետը:
Նա շարունակել է, որ Իրանի ռազմական ուժերը մշտապես վերահսկում են սպառնալիքները և բարձրացնում են իրենց օպերատիվ պատրաստվածությունը, քանի որ սպառնալիքներն ավելի են բարդացել։