Հայաստանի կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով՝ նշելով, որ քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են 2010 թվականին ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:
«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:
Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ»,- նշել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես միջնորդ, այս գործում ունի և պետք է ունենա ներգրավվածություն: