Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը չի քննարկվում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մեր օրակարգում նման հարց չկա։ Այդպիսի ճանապարհ չի եղել, հետևաբար վերականգնելու խնդիր էլ չկա։ Ընդհանրապես մենք քննարկում և կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի` հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում»,– նշեց Գրիգորյանը և հավելեց, որ առհասարակ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում։
Նա ընդգծեց, որ Հարավային երկաթգծի վերականգնման հարցը քննարկվում է, սակայն ճանապարհի մասին խոսք չկա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների բացումը։
Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով երկաթուղու բացումը, մասնավորապես՝ Երևանի, Նախիջևանի, Մեղրիի, այնուհետև դեպի արևելք։