Պատմության մեջ առաջին անգամ էր-Ռիադում վայրէջք է կատարել իսրայելական ինքնաթիռ: Դրան նախորդել էր էմիրաթական ավիաընկերության կողմից իրականացված էր-Ռիադ-Թել-Ավիվ չվերթը:
Ամերիկյան և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև ակտիվացել են շփումները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցով:
Կողմերի միջև գաղտնի բանակցությունների մասին խոսվում էր դեռ 2018 թվականի սկզբներին, սակայն երկու երկրների միջև դեռևս չի հաջողվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ե՛վ Սաուդյան Արաբիայի, և՛ Իսրայելի հատկապես բիզնես շրջանակները բավականին մեծ ոգևորությամբ են սպասում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Սակայն այստեղ էական առաջընթաց ունենալուն Սաուդյանի Արաբիային մեծապես կաշկանդում պաղեստինա-իսրայլական հակամարտությունը. արաբական և իսլամական աշխարհի առաջնորդությանը հավակնող Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ իր համար իմիջային լուրջ խնդիրներ է տեսնում:
Սաուդյան Արաբիայի այս կաշկանդիչները հիմա համեմատաբար թուլացել են. 2020 թվականին Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը: Սա հնարավորություն տվեց Էր-Ռիադին ստուգել արաբական և իսլամական աշխարհի արձագանքը: Իսրայելի հետ արաբական այս 4 երկրների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փաստը ոչ միայն մարսվեց, այլև այդ հարաբերությունները հաջողությամբ թեստավորվեցին պաղեստինա-իսրայելական հակամարտության այս տարվա սրացման ժամանակ, որի ընթացքում իսրայելական ուժերը նույնիսկ գրոհեցին Ալ-Աքսա մզկիթը:
Սա սաուդյան իշխանությունների համար կարելի է ասել դրական ազդակ էր, որ իրենք Իսրայելի հետ հարաբերություններում կարող են ավելի առաջ գնալ, քան միմյանց համար օդային տարածքը բացելը: Սակայն դա կլինի հարաբերությունների ամբողջական, թե մասնակի կարգավորման տեսքով, դեռ վաղ է խոսել: Միանշանակ է, որ Սաուդյան Արաբիան ևս Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով պետք է հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից որոշակի զիջումներ ստան պաղեստինյան խնդրի հարցում:
Նշենք, որ իր նախորդի նման, Բայդենի աշխատակազմը ևս ճնշում է գործադրում արաբական աշխարհի, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի վրա, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով:
Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունները բացի տնտեսականից ունեն նաև քաղաքական մեծ ներուժ: Իրանի տարածաշրրջանային երկու հակառակորդների՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կարող է խոչընդոտել Մերձավոր Արևելքում Իրանի ակտիվությանը: