Եվրախորհրդարանը հայց է ներկայացրել ընդդեմ Եվրահանձնաժողովի՝ օրենքի կիրառումը մերժելու պատճառով, որը թույլ է տալիս սառեցնել սուբսիդիաները Եվրամիության որոշ անդամների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խոսքը, մասնավորապես, այն երկրների մասին է, որոնք, ըստ ԵԽ-ի, չեն համապատասխանում օրենքի գերակայության սկզբունքներին՝ Լեհաստանի ու Հունգարիայի։
Օրենքն ուժի մեջ էր մտել այս տարվա հունվարի 1-ից։ Մարտին Լեհաստանը և Հունգարիան վիճարկեցին այն Եվրոպական դատարանում: Սպասվում է, որ որոշումը կընդունվի հաջորդ տարի։
Եվրախորհրդարանը պնդում է, որ Եվրահանձնաժողովը պարտավոր է կիրառել օրենքի դրույթները՝ չսպասելով դրա մասով դատարանի որոշմանը։
ԵՄ անդամ երկրների ղեկավարները 2020 թվականի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովին համաձայնության էին եկել ԵՄ բազմամյա ֆինանսական ծրագրի և եվրոպական տնտեսության վերականգնման հիմնադրամի շուրջ, որոնք նախկինում արգելափակված էին Լեհաստանի և Հունգարիայի կողմից: Վարշավայի և Բուդապեշտի պնդումները վերաբերում էին այլ երկրների մտադրությանը՝ կապել ԵՄ բյուջեից գումարների հատկացումն առանձին պետություններում օրենքի գերակայության հետ։
Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներն առաջ են քաշել «պայմանական մեխանիզմի» ներդրումը՝ երաշխավորելու, որ համաեվրոպական ֆոնդերի ստացող պետությունները հավատարիմ մնան Եվրամիության արժեքներին և նորմերին, և որպեսզի ԵՄ-ն նորմերից շեղվելու դեպքում նման ֆինանսավորումը դադարեցնելու մեխանիզմ ունենա: