Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան բանակցություններ են վարել Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթաժողովը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, «զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը»։
Հաղորդագրության համաձայն՝ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։
Բացի այդ, նրանք քննարկել են համատեղ քայլերի հնարավորությունը՝ նպաստելու բոսնիական կարգավորմանը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերի կիրառման միջոցով։