Գերմանիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարԱնգելա Մերկելը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում համաշխարհային առաջնորդներին կոչ է արել ընդունել ավելի հավակնոտ կլիմայական նպատակներ:
«Առայժմ մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք», - ասել է նա երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին կայացած համաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարների լիագումար հանդիպման ժամանակ, հայտնում է DW-ն։
Մերկելի խոսքով՝ 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրով սահմանված արտանետումների նվազեցման թիրախները «միասնաբար չեն հանգեցրել նրան, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում»։
Այս նպատակով, նա «շատ կարևոր» է անվանել հաջորդ տարվանից ածխով աշխատող էլեկտրակայանների միջազգային ֆինանսավորումը դադարեցնելու մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել G20 երկրների ղեկավարների կողմից անցյալ շաբաթավերջին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ։