Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանում տարբեր հարթակներից և տարբեր մակարդակներում էլ ավելի ակտիվ են սկսել հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության գործունեության դեմ: Նրանց կողմից առաջ քաշվող հիմնական թեզերն այն են, որ ՄԱԿ ԱԽ-ում մահմեդական երկրները չունեն բավարար իրավունքներ, այդ կազմակերպությունն ի վիճակի չէ լուծել գլոբալ խնդիրներ, ունի հնացած ձևաչափ և այն պետք է փոփոխության ենթարկվի: Էրդողանի խոսքով՝ «աշխարհը 5-ից մեծ է» և մարդկության ճակատագիրը չպետք է «թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած մի բուռ երկրների ողորմությանը»:
Այս ամենից տրամաբանական հարց է առաջանում, թե որն է Թուրքիայի իշխանությունների ՄԱԿ ԱԽ նկատմամբ այսպիսի քննադատությունների պատճառը: Իրականում Էրդողանի այս հայտարարություններն ուղղված են ինչպես արտաքին աշխարհին, այնպես էլ իր հանրությանը:
Անդրադառնալով առաջինին՝ նշենք, որ, ինչպես հայտնի է, Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, ներկայումս առավել քան երբևէ իր քաղաքականությունն ամբողջ աշխարհում առաջ տանելու նպատակներ է հետապնդում: Իսկ այդ նպատակներին հասնելու համար կրկին դիմում է իր համար սովորություն դարձած շանտաժային և վարկաբեկման քաղաքականության: Վերջին տարիներին աշխարհաքաղաքական ինչ-ինչ փոփոխությունների հետևանքով Թուրքիան փորձում է իր ազդեցությունն էլ ավելի ծավալել ոչ միայն այս տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած, իր ծավալապաշտական նկրտումներից ելնելով՝ փորձում է ձեռք բերել մահմեդական աշխարհի առաջնորդի համբավ կամ առնվազն ստեղծել դրա իմիտացիան:
Նախ նշենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամից, ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ կայացնել, իսկ հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, ունեն վետոյի իրավունք: Էրդողանի նպատակն առաջին հերթին այս կառույցի մշտական անդամի կարգավիճակ ձեռքբերելն է: Իսկ դրա հիմնական պատճառն, ըստ ինքն իրեն «իսլամական աշխարհի գլխավոր առաջնորդ» հռչակած էրդողանի, այն է, որ ՄԱԿ-ը բավականաչափ ուշադրություն չի դարձնում մահմեդական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այսինքն՝ մահմեդականների՝ իբրև թե ոտնահարված իրավունքները որպես պատրվակ և գործիք օգտագործելով՝ Էրդողանը ցանկանում է իր անձնական շահն ու նկրտումներն առաջ տանել և դառնալ կարևոր քաղաքական ուժ համաշխարհային քաղաքականությունում:
Բացի այդ Էրդողանի այս հռետորաբանությունը հարկավոր է դիտարկել նաև Թուրքիայում 2023թ.-ին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում: Այսպիսի հայտարարություններով Էրդողանը փորձում է նաև ինչ-ինչ դիվիդենտներ քաղել և Թուրքիայի ներսում ստեղծել անփոխարինելի և իր երկրի շահերն ամբողջ աշխարհում առաջ մղող առաջնորդի տպավորություն: Խաղաղարարի կեցվածք ընդունելով, արդարության համար իբրև թե պայքարողի կերպար ստեղծելով վերջինս փորձում է միաժամանակ և՛ թյուրքական աշխարհին, և՛ իսլամական աշխարհին, և՛ Թուրքիայի ներսում համոզել, որ նա իբրև թե «կարող է փոխել աշխարհը դեպի լավը»: