Լրանում է 2020թ նոյեմբերի 9-ին հրապարակված կապիտուլացիոն եռակողմ հայտարարության մեկ տարին, որով վերջ դրվեց 44-օրյա պատերազմին:
Փաստաթղթի բովանդակությունը բազմիցս վերլուծության է ենթարկվել: Սակայն, այսօր ավելի արդիական է վերլուծելը, թե մեկ տարի անց որքանով է այս փաստաթուղթը կյանքի կոչվել և որքանով է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը:
Եվ այսպես, համատեղ հայտարարության առաջին և կարևարագույն դրույթը՝ «2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Հրադադարն, առաջին հերթին, ռուսական խաղաղապահ առաքելության ջանքերի շնորհիվ, ընդհանուր առմամբ պահպանվում է, սակայն գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցներ, այդ թվում՝ մեկ տարվա ընթացքում 20-ից ավելի զոհ է գրանցվել հայկական կողմից, թիրախավորվում է նաև խաղաղ բնակչությունը: Իսկ զբաղեցրած դիրքերում կանգ առնելու դրույթն իսկզբանե խախտվել է՝ նոյեմբերի 10-ից հետո բանավոր պայմանավորվածությամբ Ադրբեջանին են հանձնվել տարածքներ Հադրութի և Շուշիի շրջաններում, ինչպես նաև Սյունիքի մարզում: Բացի այդ, ադրբեջանական ԶՈՒ-ն խախտել է ՀՀ սահմանն ու դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Դրույթները, որոնք վերաբերում էին Ադրբեջանին Աղդամի և Քելբաջարի շրջանները հանձնելուն, ռուսական խաղաղապահ առաքելություն տեղակայելուն, կատարվել են:
Սակայն Ադրբեջանը չի հրաժարվում իր ձեռագրից, և ընդամենը երեկ Շուշիի մատույցներում արձանագրվեց ադրբեջանցի զինվորականների կողմից հայկական խաղաղ բնակչի սպանության դեպք:
Ադրբեջանը կոպտորեն խախտում է հայտարարության 8-րդ կետը, որում հստակ ամրագրվում է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Առ այսօր նույնիսկ հայտնի չէ Բաքվում պահվող հայ ռազմագերիների թիվը, նրանցից ոմանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, դատական վճիռներ կայացվել, արձանագրվել են նրանց նկատմամբ բռնության գործադրման, կտտանքի ենթարկելու դեպքեր: Ադրբեջանն այս մեկ տարվա ընթացքում գերիներին օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և քաղաքական առևտրի համար:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և հաղորդակցությանն առնչվող այլ հարցերը դեռևս գտնվում են քննարկումների փուլում, ստեղծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողով, որը քննարկում է ապաշրջափակման հետ կապված բոլոր դետալները:
Այսօր խոսվում է նաև նոր փաստաթղթերի քննարկման և հնարավոր ստարագրման մասին: Սակայն ակնհայտ է, որ քանի դեռ լիարժեք չեն կատարվել առկա պայմանավորվածությունները, ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս չի բերվել ՀՀ տարածքից, իսկ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից ու ահաբեկման քաղաքականությունից, նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակահարմարությունը շատ մեծ հարցականի տակ է: Միանշանակ է, որ առաջին հերթին, պետք է վերադարձվեն հայ գերիներն ու պահվող անձինք, որպես վստահության կառուցմանն ուղղված առաջին քայլ, որը սկիզբ կդնի կառուցողական գործընթացի: