Սպառողի համար գազի սակագինը հունվարի մեկից չի թանկանա: Նոյեմբերի 10-ին արված ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի այս պնդումը վերաբերում է գազի սակագնի գնի շուրջ ներկայումս ընթացող բանակցություններին: Բաղրամյանն անում է պնդում առ այն, որ հունվարի մեկից սպառողների համար գազի սակագնի թանկացման թույլտվության բոլոր ժամկետներն անցած են:
Հիշեցնենք, որ սահմանված ընթացակարգով սակագների վերանայման տարբերակներից մեկը ՀԾԿՀ-ի կողմից սակագնի վերանայումն է: Երկրորդը՝ սակագնի վերանայման հայտի ուսումնասիրումը, որի համար նախատեսված է մինչև 80 աշխատանքային օրվա քննարկում: Իսկ ահա սակագնի փոփոխության վերաբերյալ որոշումից մինչև փաստացի ուժի մեջ մտնելը պահանջվում է ևս 30 օր: Հենվելով այս տրամաբանության վրա՝ իսկապես սպառողների համար հունվարի մեկից գազի սակագնի թանկացում տեղի չի ունենա:
Հաշվի առնելով երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, սպառողական գների բավական բարձր աճը, գազի սակագների հետ կապված այս նորությունն, անշուշտ, կարելի է համարել դրական: Բայց ցավոք «դրական» լուրը խնդրահարույց է երկու մասով:
Նախ, մենք մեկ անգամ արդեն ականատես եղել ենք սպառողների համար սակագնի անփոփոխ մնալու իրական հետևանքներին: Ըստ այդմ, արդեն իսկ որպես փաստ կարող ենք արձանագրել, որ գազի սակագնի վերանայումը թանկացման տեսքով, որքան էլ ուղիղ կապ չունենա լայն սպառողների հետ, հետադարձ հարվածով անդրադառնում է բոլորին: Ամենապարզ ու երևացող շղթան այստեղ տնտեսվարողի համար թանկացման ազդեցությունն է սպառողական ապրանքների գների վրա: Վստահաբար կարելի է պնդել, որ այսօրվա գնաճի վրա ազդող գործոններից մեկը հենց դա է:
Երկրորդ. հայտարարված լուրն ունի խիստ ժամկետային բնույթ: Ինչպես գիտենք, կամ գոնե այդպես է ասվում, ռուսական «Գազպրոմի» հետ շարունակվում են սահմանին գազի սակագնի շուրջ բանակցությունները: Թե ինչ հանգուցալուծման կհանգեցնեն դրանք, անգամ իշխանական թևում չկա որոշակիություն: Միևնույն ժամանակ չկա երաշխիք, որ որևէ որոշման կայացումից հետո ևս չի առաջանա ներքին սպառման սակագնի վերանայման անհրաժեշտություն: Հիշեցնենք, որ ներքին սպառման սակագնի վերջին վերանայումից հետո՝ 2020թ. հունիսին, երբ սակագինը բարձրացավ խոշոր ծավալով սպառողների համար, «Գազպրոմ Արմենիա»-ի թանկացման հայտը մասնակի բավարարվեց: Այսինքն ընկերության կարիքներն ամբողջությամբ չլուծվեցին, անգամ ընկերությունում աշխատուժի կրճատման և այլ սահմանափակումների գնով: Այդ պահից ի վեր առնվազն չի բացառվում, որ ընկերությունն առաջիկայում սակագների վերանայման հայտ ներկայացնի:
Փաստացի առաջիկայում Հայաստանի տնտեսության և ՀՀ քաղաքացու համար սակագնային փոփոխությունները դեռևս պահպանում են բացասական միտումներ. ջրի սակագնի թանկացումը, որպես իրողություն, գազի սակագնի հնարավոր թանկացումը ՝ որպես սպասում: