ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում մեկնարկած քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցառումների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ, ի թիվս այլոց, կալանավորվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը:
Համանախագահները նաև ընդգծել են բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի շուրջ՝ իրենց մանդատի շրջանակներում»: