Հայաստանն ունի այլընտրանքային ճանապարհ, և Գորիս-Կապան ավտոճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման ու մաքսային հսկողություն իրականացնելու խնդրին և այն հարցին, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ բեռնափոխադրումների հարցում, փոխանցում է News.am-ը:
Եթե հանկարծայդ ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն առաջանա, ապա, ըստ Գրիգորյանի, ադրբեջանական կողմը Հայաստանին կիրազեկի, թե ինչ գործընթաց պետք է տեղի ունենա այդ դեպքում:
ԱԽ քարտուղարն ասել է, որ այդ ճանապարհին գտնվող որևէ բնակավայր չի մեկուսացվելու:
«Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց մենք նպատակ ունենք ամբողջությամբ այդ ճանապարհներն ասֆալտապատել: Ասել էինք, որ Տաթև-Կապան Մ-12 միացող ճանապարհը մինչև տարեվերջ կկառուցենք, բայց ավելի շուտ եղավ, նույն ինտենսիվությամբ էլ աշխատում ենք, որ այս համայնքների ճանապարհները կառուցենք, ժամանակային որոշակի խնդիր կարող է առաջանալ քաղաքացիների համար, բայց տվյալ իրավիճակում սա լավագույն լուծումն է»,- նշել է Գրիգորյանը: